Posted in Հայրենագիտություն

«Մեծ Մհեր»

Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:

Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են: